Կառավարությունը հունվարի 4-ի նիստում սահմանել է գիտաշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը։
Ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար կհատկացնեն գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ:
«Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտնել է, որ բազային ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը նկարագրված պայմանների բավարարման մասով խնդիր կունենան։ Ըստ նրա՝ նախագծով կխրախուսեն, որ 778 գիտաշխատողները նույնպես անցում կատարեն ամբողջական ծանրաբեռվածությամբ աշխատանքի։
Կառավարության անդամների կարծիքով՝ նախագիծը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը։
«Հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձն արդեն 3-րդ անգամ ենք բարձրացնում։ Ընդ որում՝ գործընթացը դեռ չի ավարտվել։ Բարձրացում է լինելու նաև 2025-ի հունվարի 1-ից։ Այս նախագծով մենք ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները, գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են, որպեսզի ստանան նաև իրենց հավելավճարները»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։