Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է ՏՏ ոլորտին աջակցող նոր օրինագծի մասին՝ պատասխանելով Armenia Today-ի այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է առաջարկում գերատեսչությունը՝ տվյալ ոլորտում դոլարի փոխարժեքի անկման և երկրում «Միր» համակարգի դադարեցման հետ կապված խնդիրները լուծելու համար։
Հայրապետյանը հայտարարել է, որ ՏՏ ոլորտում շատ մարտահրավերներ, դժվարություններ կան: Նա նշել է, որ նախարարությունը կարողացել է գույքագրել առկա մարտահրավերները, որից հետո լծվել են լուծումներ գտնելու աշխատանքին:
«Բազմաթիվ երկրներ տեխնոլոգիական աշխարհում նոր ընկերություններ, նոր կադրեր ներգրավելու հարցում ագրեսիվ քաղաքականություն են վարում։ Եվ Հայաստանը պետք է ոչ թե ակնկալի, որ այն ավանդույթները, որոնք տեղեկատվական, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում կան ու դրանք բոլորին պահելու են Հայաստանում, ոչ, այս շրջանակը, ռեսուրսը բավականին մոբիլ է և ցանկացած պահի կարող է կաայացնել որոշում և նոր տարածքում ծավալել իր գործունեությունը, եթե տվյալ երկիրն ավելի լավ պայմաններ է առաջարկում: Հետևաբար, այս առումով Հայաստանը պետք է դրսևորի ավելի ճկուն քաղաքականություն: Այս օրենքը դրա մասին է, միտված է դրան»,- պարզաբանել է նախարարը։
Հայրապետյանը վստահեցրել է, որ խորհրդարանին ներկայացվելիք օրինագիծը նախանշելու է խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Մարտի 19-ին Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգը (NSCP) հայաստանյան վճարային համակարգից ծանուցում էր ստացել, որ մարտի 30-ից Armenian Card (ArCa) անդամ բանկերը կդադարեցնեն սպասարկել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը, որի օպերատորը փետրվարին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ ՎՏԲ Հայաստան բանկը կշարունակի սպասարկել «Միր» քարտերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 1-ին հայտարարել էր, որ աշխատում է Երևանի հետ՝ փոխհատուցելու «Միր» քարտերի սպասարկման դադարեցման հետևանքով պատճառված վնասը։
Մանրամասները՝ տեսանյութում: