Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Neuralink ընկերությունը երկրորդ մարդու ուղեղում նեյրոչիպ համարվող իմպլանտ է տեղադրել, YouTube-յան բլոգեր Լեքս Ֆրիդմանի փոդքասթի ժամանակ հայտարարել է Մասկը։
Նա հայտնել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել:
«Չեմ ուզում աչքով տալ, բայց երկրորդ իմպլանտի հետ ամեն ինչ շատ լավ անցավ։ Շատ ազդանշաններ կան, շատ էլեկտրոդներ։ Այն շատ լավ է աշխատում»,- ասել է Մասկը։
Մասկի խոսքով՝ մարդու ուղեղում 400 էլեկտրոդ է աշխատում։
2024-ի հունվարին Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել էր նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Այն նախատեսված է հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել էր ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ անձի ուղեղում։ Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում: