Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի՝ museumsarmenia.am կայքի շնորհանդեսը։
Կայքում առաջին տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը զուգահեռ:
Շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Armenia Today-ին պատմեց համակարգի առավելությունների մասին։ Նախարարի խոսքով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան միանգամից մի քանի թանգարանի միասնական տոմս գնել, ինչն ավելի մատչելի կլինի, քան դրանք առանձին-առանձին գնելու դեպքում։
Նախարարը նշեց, որ միասնական տոմսային համակարգը գործում է աշխարհի տարբեր երկրներում։
«Մեր քաղաքացիները, ովքեր ճամփորդել են, արտերկրում միանգամից մի քանի թանգարանի տոմս գնելու փորձ ունեցել են։ Այն, սովորաբար, նաև զեղչ է ենթադրում։ Այսինքն՝ նշանակում է, որ մեկ միասնական տոմսն ավելի մատչելի է, քան, եթե, օրինակ, 2 թանգարանի տոմս առանձին գնելը։ Մեզ մոտ գործարկված համակարգով միասնական տոմսերի ձեռքբերման դեպքում մինչև 10% զեղչի հնարավորություն ենք նախատեսել»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ տոմսերի գնային քաղաքականությունը կորոշեն թանգարանները։
«Օրինակ՝ Հայաստանի պատմության թանգարանն ու պատկերասրահը, որոնք գտնվում են նույն շենքում, կարող են միասնական տոմսի տրամաբանությամբ համատեղ գին սահմանել և ներկայացնել ավտոմատացված համակարգում։ Սա հատուկ եմ շեշտում, քանի որ նախարարությունն ընդհանուր գնային քաղաքականություն է վարում»,- հավելեց նա։
Անդրեասյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ն 2023 թվականին որոշում էր ընդունել, ըստ որի՝ մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարաններ մուտքը անվճար է։
«12-ից բարձր տարիքի երեխաների համար թանգարանների մուտքի տոմսի կես գին սահմանեցինք, որը գործում է նաև ուսանողների դեպքում։ Կան նաև սոցիալական քաղաքականություն կենսաթոշակային տարիքի, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս բոլոր արտոնությունները շարունակում են գործել։ Մենք սահմանեցինք տոմսի նվազագույն գին՝ 1000 դրամ։ Այս ամենից զատ՝ գնային մնացած քաղաքականությունը որոշելու են թանգարանները՝ կախված ցուցադրությունների բնույթից, պահանջարկից։ Այդ իմաստով՝ տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն ընձեռելու է բոլոր հնարավորությունները, իսկ ԿԳՄՍՆ-ն վերլուծելու է, թե որքանո՞վ է թանգարանը կառավարում իր աշխատանքը»,- հավելեց նախարարը։
Armenia Today-ի հարցին՝ դիտարկո՞ւմ են արդյոք եվրոպական երկրների օրինակով թանգարանների տոմսային համակարգը համադրել զբոսաշրջային, տրանսպորտային նախաձեռնությունների հետ, նախարարը նշեց ընթացող քննարկումների մասին։
«Այո՛, մենք ավելի լայն համագործակցության ենք գնում։ Երևանի քաղաքապետարանի հետ իմ գործընկերները նախնական խոսակցություն են ունեցել։ Իրենք էլ տրանսպորտային միասնական համակարգի ներդրում են նախատեսում։ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նաև զբոսաշրջային փաթեթների վրա է մեծ աշխատանք տարվում։ Հավելյալ հնարավորություններ է ընձեռում այն, որ թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը հասանելի է լինելու նաև բջջային հավելվածի միջոցով։ Հաշվի առնելով այդ հնարավորությունը՝ քննարկում ենք համակարգն ինտեգրել զբոսաշրջային, տրանսպորտային փաթեթներին»,- ընդգծեց նախարարը։
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ համակարգի գործարկմամբ՝ թանգարանների դրամարկղերի աշխատակիցները չեն տուժի, քանի որ համակարգը զուգահեռ է գործելու։
«Թանգարանների ներսում տոմսերի վաճառքը շարունակվելու է, համակարգը պարզապես հավելյալ առցանց միջոց է»,- ընդգծեց նա։
Փոխնախարարը հայտնեց, որ համակարգի ստեղծման համար պետական բյուջեից շուրջ 60 մլն դրամ է ներդրվել։
«Այդ գումարն ուղղվել է սարքավորումներին, ընդհանուր ծրագի ստեղծմանը, որը տևել է գրեթե 2 տարի»,- եզրափակեց փոխնախարարը։
Կայքի հեղինակները տեղեկացրել են, որ թանգարանների միասնական տոմսային համակարգը հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև iOS և Android բջջային համակարգերի համար։
Մանրամասները՝ տեսանյութերում։