ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ հայտարարության՝ Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակից՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի։ Թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։
Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ։ Յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։ Այն անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
2023թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալի։