«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ կբացի Բուենոս Այրեսում, որն առաջինը կլինի Հարավային Ամերիկայում, հայտնել է կենտրոնը X-ում։
Նախաձեռնության հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը կենտրոնի ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և Արգենտինայի կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։
«Մեր քաղաքում «Թումո» կենտրոնի բացումը երիտասարդներին հնարավորություն կտա ստանալ լավագույն կրթությունը, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որն սկսվում է այսօր։ «Թումո»-ի շնորհիվ նոր սերունդը կկարողանա սովորել, ստեղծագործել ու մեծ երազանքներ ունենալ»,- ասել է Արգենտինայի մայրաքաղաքի քաղաքապետը։
Կենտրոնի ներկայացուցիչները Բուենոս Այրեսում մասնաճյուղի բացումն անվանել են նորարարական կրթության տարածման առաջին քայլը Հարավային Ամերիկայում և նշել, որ հիմնական նպատակն ընդլայնումն է ողջ մայրցամաքում։
«Ամեն օր չէ, որ մենք «Թումո»-ի հիմքը դնում ենք նոր մայրցամաքում կամ մոլորակի մեկ այլ կիսագնդում։ «Թումո Բուենոս Այրես»-ը հպարտության աղբյուր է, և ես ուրախ եմ, որ դա անում ենք քաղաքի ղեկավարության վստահելի գործընկերոջ և մեր հիմնադիրներ Սիմոնյանների հետ՝ իմանալով, որ սա առաջինն է «Թումո»-ի մի շարք պլանավորված կենտրոններում»,- նշել է Փափազյանը։
Հունվարին «Թումո»-ն ճանաչվել էր կրթության ոլորտում 100 լավագույն նորարարներից մեկը՝ ըստ HundrED Global Collection 2024-ի: Հուլիսին կենտրոնը մրցանակ էր ստացել Tools Competition տեխնոլոգիական մրցույթում՝ կրթության մեջ արհեստական ինտելեկտի ինտեգրմանն ուղղված աշխատանքի համար:
2022 թվականի հունիսին «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն Armenia Today-ին պատմել էր առաջիկա տարիներին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի մասին և հայտարարել «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ծրագրի մասին։ Միևնույն ժամանակ՝ «Թումո» կենտրոններ էին բացվել Արցախի Ասկերան և Մարտունի քաղաքներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կենտրոնը հայտարարել էր Գերմանիայում՝ Մանհայմում, երկրորդ մասնաշենքի բացման մասին։
Կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Գյումրիում, Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, Տիրանայում և Կիևում։ 2023 թվականի դեկտեմբերին «Թումո»-ն հայտարարել էր իր նախաձեռնության ընդլայնման մասին՝ ստեղծելու մշակութային վայրերի մանրամասն 3D սկանավորում՝ Հայաստանի և Արցախի ժառանգությունը թվայնորեն պահպանելու համար։