ArmSat-1 արբանյակը գործում է, արբանյակի ընկնելու մասին տեղեկատվություն չունեմ, Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Միևնույն ժամանակ՝ նախարարը չի բացառել, որ արբանյակը կարող է ընկնել։
«Արբանյակի գոյություն չունենալու մասին տեղեկություն չունեմ։ Այն գործում է, բայց չի նշանակում, որ 6 ամիս կամ 2 տարի անց չի կարող ընկնել»,- հավելել է նա։
Նրա տվյալներով՝ արբանյակը շուրջ 490-500 կմ բարձրության վրա է և լուսանկարներ է անում։
«Երեկ արբանյակի արած լուսանկարներն եմ տեսել։ Եթե հանրությունը կցանկանա, կարող ենք որոշակի լուսանկարներ հրապարակայնացնել»,- հավելել է նա։
Հայրապետյանը «մանիպուլացիա» է որակել մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե «արբանյակի համար նախարարությունը բյուջեից գումարներ է մսխել»։
«Մեզ համար լրջագույն մանիպուլացիա է այն, երբ ասում են՝ գումարներ են մսխվել։ Պետք է գնալ այդ մանիպուլացիաների հետևից»,- նշել է նա։
ArmSat-1-ը տիեզերք էր արձակվել 2022-ի մայիսին։ 2023-ի դեկտեմբերին տիեզերք էր արձակվել «Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակը։
Հոկտեմբերի 12-ին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։
Գործարար Իլոն Մասկը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին։ Հունիսի 14-ին Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։