Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել հնդիկ գործարար, Infosys Limited ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանի խոսքով՝ մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:
Մուրթին ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական պարգևները՝ Պադմա Վիբհուշան և Պադմա Շրի։ Նա բրիտանական կայսրության շքանշանակիր է և Պատվո լեգեոնի սպա։ 2007 թվականին Time ամսագիրը նրան անվանել էր հնդկական ՏՏ արդյունաբերության հայր։ 2012 թվականին Մուրթին ճանաչվել էր 12 մեծագույն ձեռնարկատերերից մեկը՝ ըստ Fortune ամսագրի։ 2014 թվականին նա զբաղեցրել էր 9-րդ տեղն ընկերությունների ամենահեղինակավոր ղեկավարների վարկանիշում՝ ըստ Economist Intelligence Unit-ի։