Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ լարված էր, մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևանում էր, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել: Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանկան ճակատի ֆեյսբուքյան էջից:
Հաղորդվում է, որ Լիդիանի վարձած պահնորդները առիթից օգտվելով, որ Ամուլսարի պահապանները եկել են Երևան, հարձակվել են Ամուլսարում պահպանություն իրականացնող պահապանների վրա։
ՀԲՃ-ն հետագա զարգացումների պատասխանատու է համարում ՀՀ կառավարությանը, «ով մեկ տարուց ավել է անգործություն է ցուցաբերում և չի կատարում իր խոստումները։ Այս ծրագիրը դեռ անցած տարի պետք է չեղարկված լիներ՝ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ իրավապահ մարմիններին կոչ անելով ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, «այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»: