«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարը նշել է, որ Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։
«Ըստ այդմ, կարճ ժամանակ անց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալի հետ։ 2020 թվականի օգոստոսի 28-ին, «Դիլիջան» ազգային պարկում կայացած կառավարման խորհրդի նիստի օրակարգում ներառվել և քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ի հետ 2006 թվականի հուլիսի 4-ին (ուժի մեջ է մինչև 2031 թվականի հուլիսի 4-ը) կնքված պայմանագրի համապատասխան դրույթները»,- գրել է Պետրոսյանը։
Նախարարը նշել է, որ հանդիպումների ընթացքում ձեռքբերված համաձայնության արդյունքում վարձակալության պայմանագիրը վերանայվել է, ինչի արդյունքում վարձակալության վճարն ավելացել է գրեթե 6 անգամ։
«Իմ հանձնարարությամբ խիստ հսկողություն է սահմանվել նաև ազգային պարկում տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից համապատասխան թույլտվությունների առկայության պահանջը։ Այսպես՝ պարտադիր է բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու համար ունենալ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Օգտագործվող տարածքները կահավորել ջրահեռացման և ջրերի մաքրման կայաններով, սեպտիկ հորերով։ Տնտեսվարողները պարտավոր են որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս ունենալ օրենքով սահմանված թույլտվություններ և ռելիեֆային փոփոխություններ կատարելիս պարտադիր անցնել ՇՄԱԳ փորձաքննություն։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ ինքնակամ և կամայական գործողություն չի հանդուրժվելու։ ԲՀՊՏ-ներում տնտեսվարման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ գործունեության ծավալման ողջ ընթացքում, գտնվելու են հատուկ պահպանվող տարածքը հսկող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության ներքո»,- գրել ՝ Պետրոսյանը։
Նախարարը հայտնել է, որ Տավուշի մարզ կատարած այցիս շրջանակներում քննարկվել են նաև ապօրինի անտառհատումներին վերաբերող մի շարք հարցեր, հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել անտառխախտման դեպքերին և մեխանիզմներ մշակել՝ ապօրինի անտառհատումներն ու փայտագողության դեպքերը կանխելու և բացառելու համար։