Աներկբա է, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակի հասցրած վնասների մասին։
«Շատ կարևոր է գնահատել այդ վնասները, քանի որ դրա վերաբերյալ ամենատարբեր քննարկումներ կան։ Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, սակայն խնդիրն այն է, որ պետք է լինեն ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում և արդյոք սոցիալական իրավիճակը սրվել է։ Հարցն այն է՝ կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ իրավիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Կարծում եմ՝ ՀԴՄ-ով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որը մարդկանց կատարած առևտրի գումարն է և դա շատ կոնկրետ գումար է»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է 2,5 %-ով, և այսպիսի ցածր ցուցանիշի մարտից սկսած նոր ենք հասել։
«Այս թիվը վկայում է, որ սոցիալական խնդիրներ կան, բայց այդ խնդիրները կային 2019 թվականին և կարող ենք ասել, որ սոցիալական կոլապս ու ճգնաժամ միանաշանակ չունենք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նկատեց, որ այստեղ կարող է փաստարկ հնչել, որ նախորդ տարվա օգոստոսին շատ մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել՝ այս տարի չեն մեկնել, Հայաստանում են և ենթադրվում է, որ ինչ-որ առևտուր են անում։
«Բայց մյուս կողմից այս տարի այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք տրամաբանորեն շատ ավելի էին ծախսում ՀՀ տարածքում, քան տեղացիները: Բացի այդ, չեն աշխատում թատրոնները, թանգարանները, հյուրանոցները ընդհանրապես դատարկ են: Այսինքն այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա նման բան։ Ակնհայտ է, որ կա սոցիալական վիճակի վատթարացում: Մենք տնտեսական աճը կորցրել ենք, հունվարին ու փետրվարին 9 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել:
Կարևոր է արձանագրել, որ սա տեղի է ունեցել ոչ թե ինքնաբերաբար, այլ կառավարության վարած քայլերի շնորհիվ, որովհետև հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել 163,4 մլրդ դրամ, որը ներարկվել է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում»,-ընդգծեց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։
«2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 %-ով: Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով կամ 8,1 %-ով ավելի են, քան 2020 թվականին: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13 841 դրամով կամ 7,14 %-ով»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ օգոստոսի ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետև օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել։