Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Շուռնուխ բնակավայրի ղեկավար Հակոբ Արշակյանի կոչին կամավորներն արձագանքել են։
Նա Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց, որ Գորիսից, Ստեփանակերտից, Երևանից կամավորները եկել են պաշտպանելու Շուռնուխի դիրքերը։ Մի մասն էլ ճանապարհին են, շուտով կհասնեն։
Նրանց գալու ընթացքում նաև լավ լուրեր ստացվեցին Պաշտպանության նախարարությունից։
«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկ ժամ առաջ տեղեկացրել են, որ գյուղն ամբողջությամբ մնալու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Ասացին, որ որոշումը հաստատվել է Մոսկվայում, ոչ մի խոչընդոտ չի լինելու»,- մանրամասնեց գյուղապետը։
Նշենք, որ Շուռնուխի բնակիչներն անակնկալի էին եկել, քանի որ միայն երեկ էին իմացել ցավալի որոշման մասին։ Նոր սահմաններով՝ Շուռնուխը կիսվելու էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Առավոտյան, անվտանգությունից նկատառումներով, երեխաներին, կանանց և տարեցներին տարհանել են։
«GPS-ը ցույց է տալիս, որ գյուղը կիսվում է՝ ճանապարհի տակն ադրբեջանցիներին է մնում, վերևի հատվածը՝ մեզ։ GPS-ը ճանապարհը սահման է ցույց տալիս»,- ներկայացրեց նա։
Հակոբ Արշակյանը խոստովանում է՝ երբեք չի պատկերացրել, որ կգա մի օր, երբ գյուղի ճակատագիրը հարցականի տակ կդրվի։ Հիմա անորոշ վիճակում սպասում են հարցի հանգուցալուծմանը։
Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքի մարզում բողոքի ակցիաներ են։ Բնակիչներն իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Հիշեցնենք նաև, որ Սյունիքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը․ մարզում սահմանազատում է կատարվում։ Ըստ տեղեկությունների՝ Կապանից մի քանի շահեկան բարձունքներ թշնամուն են հանձնվելու։ Շուռնուխի գյուղապետն էլ կոչ էր արել զենքով գնալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու համար: