ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021թ. ապրիլի 6-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի 16 մարտական հաշվարկ:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, այրվել են առևտրի կենտրոնի շուրջ 2000 քմ տարածքի վրա գտնվող տարբեր տեսակի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող մոտ 20 տնտեսվարողների խանութներում եղած տարբեր տեսակի ապրանքներ:
Առաջ են քաշվել հնարավոր աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ գործողություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է «Սուրմալու» տոնավաճառում:
Ինչպես Armenia Today-ին ավելի վաղ հայտնել էր ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը, զոհեր չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: