Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Այս մասին տեղեկանում ենք Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքից։
«Շատ ուրախ ենք, որ աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դարձավ Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքի անդամը։ Նա իր տասնամյակների փորձառությունն է բերում»,- նշել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն։
Նա նշել է, որ հայ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:
«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին»,- ասել է Օրբելյանը: