Առաջիկայում Երևանում կհայտնվի ժամանակակից հանրային սքեյթ-պարկ:
Ինչպես հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հանգստի գոտու շինարարությունը վերջին փուլում է: Այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի էր հանդիպել Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ, նախագիծն ավելի քան սպասված էր:
«Մենք մոտ ութ տարի սպասում էինք այս սքեյթ-պարկին: Դրա բացմամբ Հայաստանում սքեյթբորդինգը կհասնի նոր մակարդակ»,- ասել է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը:
Ուկրաինայի հայերի միությունը ստանձնել է հասարակական շուրջ 5000 քմ տարածքի բարեկարգման աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել են անցյալ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Տարածքում նախատեսվում է տեղադրել բժշկական կետ, չմուշկների վարձույթի կետ, հասարակական զուգարան, կբարեկարգվեն կանաչ տարածքներ՝ լրացնելով յուրահատուկ լանդշաֆտային դիզայնով: Ընդհանուր տարածքում լուսավորումը կիրականացվի LED վահանակների միջոցով: