Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթները կնպաստեն պատմական Հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։