Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Մալենան հաղթել է «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում:
Այսօր Փարիզում տեղի է ունեցել 19 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը մրցույթին ներկայացրել է երգչուհի Մալենան։ Մրցույթին 14-ամյա Մալենան հանդես է եկել «Qami Qami» ստեղծագործությամբ և քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը: Քվեարկությանը մասնակցել է 4,3 միլիոն հանդիսատես, Մալենան ընդհանուր առմամբ հավաքել է 224 միավոր՝ առաջ անցնելով բոլոր մրցակիցներից:
«Qami Qami» երգի տեսահոլովակը, որը հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլի» YouTube-ալիքում, մի քանի օրվա ընթացքում հավաքել է 3,6 մլն դիտում և ավելի քան 93 հազար հավանություն։ Բացի դրանից՝ երգի հատվածները վիրուսային կերպով տարածվել են սոցիալական ցանցերում, հատկապես՝ TikTok-ում։
Նշենք, որ Մալենան մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի ընտրական մրցույթներին, որպեսզի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ»-ին: 2020-ին Մալենան Why երգով ընտրվեց «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար, սակայն հետո Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին։
Ինչպես նշվում է միջագային մրցույթի կայքում, հայաստանցի մասնակից Մալենան իր բնույթով ստեղծագործող է և ստուդիայում շատ ժամանակ է անցկացնում՝ փորձարկելով տարբեր երաժշտական ժանրեր և մասնակցելով երգեր գրելու վարպետության դասերին:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի առաջին հաղթանակը չէ «Մանկական Եվրատեսիլում»։ 2010 թվականին, երբ մրցույթն անցկացվել Է Մինսկում, հաղթանակ է տարել Հայաստանի մասնակից Վլադիմիր Արզումանյանը, ով ծնունդով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից է: