30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում․ օրենքն ուժի մեջ է 2022-ի հունվարի 1-ից: Այս մասին հիշեցնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։
Նկատենք, որ պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե՛ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: