ՀՀ վարչապետի որոշմամբ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի։
Հիշեցնենք, որ հայ մեծանուն բանաստեղծը մահացել է երեկ՝ 81 տարեկան հասակում։
Հայ գրականության նշանավոր ներկայացուցիչն ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ էր, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում:
Ռազմիկ դավոյանը 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից եղել է «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահը, 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահը, իսկ 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ։ 1999-2003 թվականներին նա եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս էր։ Ռազմիկ Դավոյանը բազմաթիվ պետական պարգևների է արժանացել։ 2017-ին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։