Փետրվարի 10-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով քույր հարաբերություններ են հաստատվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև, հայտնում է Հայ դատի հանձնախումբը։
Ըստ հանձնախմբի՝ բանաձևը կնպաստի Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փորձի փոխանակումներին:
«Այս բանաձեւը վերահաստատում է Կալիֆորնիայի համերաշխությունը Հայաստանի և մեր 1 միլիոնանոց կալիֆորնահայ համայնքի հետ», – ասաց նահանգային Ասամբլեայի անդամ, բանաձևի հեղինակ Քրիս Հոլդենը:
«Ստեղծելով այս քույր-նահանգ հարաբերությունները Սյունիքի մարզի հետ՝ մենք մեր ավանդը կներդնենք, թեկուզ փոքր, կիսելու այստեղ ապրելու որոշ տնտեսական, կրթական եւ մշակութային օգուտները, փոխգործակցության և ներգրավվածության միջոցով այստեղ՝ Կալիֆորնիայում ապրելու որոշ առավելություններով կիսվելու համար», – ասել է բանաձևի համահեղինակ, ACR 105 Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը։
«Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի կողմից Կալիֆորնիայի և Սյունիքի միջև քույր նահանգ/մարզ հարաբերությունների հաստատումն ամրագրող ACR 105 բանաձևի ընդունումը ռազմավարական բնույթի անկյունաքարային իրադարձություն է։ Ես բարձր եմ գնահատում Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենի ջանքերը այս նախաձեռնության առաջամարտիկը լինելու համար։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև օրենսդիր Ադրին Նազարյանին և բոլոր նահանգային սենատորներին ու ստորին պալատի անդամներին, որոնք իրականություն դարձրեցին այս նախաձեռնությունը։ Ես նաև խորին գնահատանքիս խոսքն եմ ուզում ուղղել Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան կառույցին՝ այս ուղղությամբ իրենց անխոնջ ջանքերի համար», հայտարարել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։
Ըստ հանձնախմբի՝ բանաձևը կնպաստի Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փորձի փոխանակումներին:
«Այնպիսի ճակատագրական պահի, երբ Սյունիքի ինքնիշխանությունը մեծ ռիսկի տակ է գտնվում՝ Ադրբեջանից և Թուրքիայից բխող լուրջ սպառնալիքների պատճառով, Կալիֆոռնիա նահանգի այս համարձակ քայլը համերաշխության արտահայտություն է, որն իր հերթին կամրապնդի Հայաստանի ժողովրդի վճռականությունը՝ դիմակայելու շարունակվող սպառնալիքներին»,- նշել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը։
Կալիֆոռնիայի սենատոր Էնթոնի Պորտանտինոն էլ ասել է․ «Կարևոր է, որ, հաշվի առնելով սահմանի վրա թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիան, Կալիֆոռնիան դեմ է արտահայտվում խաղաղ ժողովրդի դեմ սանձազերծած այս սարսափելի բռնություններին և ցույց է տալիս, որ մենք համերաշխ ենք և սիրում ենք Սյունիքի ժողովրդին և հայ ժողովրդին ինչպես այստեղ՝ Կալիֆոռնիայում, այնպես էլ Հայաստանում և Արցախում»: