Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում` Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչեցվել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Լոռու մարզպետի հանձնարարությամբ երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց կատարեցին Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացան երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։
Աշխատանքային խումբը կշարունակի շրջայցերը նաև առաջիկա օրերին՝ արձանագրելով բոլոր խնդիրները։
Արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ ուսումնասիրություններ, ըստ ահազանգերի, կկատարվեն նաև մարզի այլ համայնքներում ևս։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին` տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Հավելենք, որ գրանցվել են նաև հետցնցումներ։