Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել։ Այս անգամ բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի առջև։ Գիտաշխատողները բողոքում են ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։
Ակցիայի մասնակիցներն Armenia Today-ի հետ զրույցում նշեցին, որ ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցումն անթույլատրելի է, որովհետեւ այն կարող է բերել ինստիտուտի քանդմանը:
Նրանք պահանջում են հարցին ինստիտուցիոնալ լուծում տալ՝ ղեկավարվելով գիտությունը որպես առաջնահերթություն հռչակած օրակարգի։
«ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի սրտում ժամանակին ապօրինի օտարված և սեփականաշնորհված ջրավազանի տարածքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բազմաբնակելի համալիր։ Այս անհեթեթ քայլը խաթարելու է կենտրոնի աշխատանքը և հիմք դնելու կենտրոնի վերացմանը, քանզի այս երկու կառույցն անհամատեղելի են»,- հայտարարեցին գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները։
Գիտաշխատողների խոսքով՝ ջրավազանի տարածքը տասնյակ տարիներ առաջ օտարվել է ապօրինություններով, ինչը պարզել է նաև Քննչական կոմիտեն, սակայն, վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճել է: Ապա տարածքը ձեռքից ձեռք վաճառվել է, և 2019-ին այն ձեռք է բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:
Ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանն Armenia Today-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք կառուցում են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր։
Ընկերության ներկայացուցիչն ապատեղեկատվություն համարեց ակցիայի մասնակիցների այն հայտարարությունը, թե համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա։
«Համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում են քաղաքաշինական նորմերին: Կառուցվելու է ժամանակակից «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան»,- ընդգծեց Նարեկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունն իրականացնելու է ոչ թե 10 միլիոն դոլարի ներդրում, ինչպես ակցիայի մասնակիցներն են հայտարարում, այլ 10 միլիարդ դրամի, որի մեծ մասն ուղղակի օտարերկյա ներդրում է:
«Փոխտնօրենի հայտարարությունը, որ իրենց շանտաժ են անում, զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ աշխատակցի»,- ասաց Մանուկյանը։
ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն աշխատակիցները նաև ահազանգել են, որ ընկերությունն իրենց որպես կաշառք, առաջարկել են շահավետ պայմաններով բնակարաններ։
Նարեկ Մանուկյանի պնդմամբ՝ նման բան չկա։
««Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կդիմի դատարան՝ իր բարի համբավը վերականգելու համար: Մեր ընկերության ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ պարզապես ներկայացրել են, որ համալիրում երիտասարդ մասնագետների ու գիտնականների համար երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով բնակարաններ են լինելու»,- եզրափակեց նա։