Ենթադրելի է, որ Երևանից դեպի Կիև ու Կրասնոդար այսօր նախատեսված երկու չվերթները չեն իրականացվի:
Այս մասին Armenia Today-ին հայտնել է Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը:
Նա հայտնել է, որ այսօրվա համար խնդրահարույց գոտիներից թռիչքներ ունեինք միայն Կիև և Կրասնոդար ուղղություններով:
Նրա խոսքով՝ Կիևի օդային տարածքը փակ է, փակ է նաև Կրասնոդարի օդանավակայանը, և, ըստ տրամաբանության, այդ չվերթներն այնտեղից չեն իրականացվի, հետևաբար, նաև հետ չեն գնա: Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ այս տեղեկությունն այս պահի դրությամբ է, և հաշվի առնելով իրավիճակը՝ ամեն վայրկյան կարող է ինֆորմացիան փոխվել:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Վ. Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: