«Արմենիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով չվերթների ուշացումների մասին:
«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։
Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։
Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն է մտցրել երկրի ամբողջ տարածքում: