Հայաստանում ուղևորատար օդանավն անվանակոչել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորի անունով: Այս մասին հայտնում է Armenia Airways ավիաընկերության մամուլի ծառայությունը:
«Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք ներկա էինք մի արարողության, որը նվիրված էր 44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հայ Զինվորին։
Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության ղեկավարությունը՝ հանձինս Պարոն Առլեն Դավուդյանի, որոշեց, որ այս օդանավը պիտի կրի հայ զինվորի անունը՝ հանձինս ընդամենը 19 տարեկան Գրիգոր Ղազարյանի, որն իր կյանքը հերոսաբար նվիրաբերեց հայրենիքին:
44 օրյա պատերազմի ժամանակ ունեցանք բազմաթիվ զոհեր, որոնց միակ երազանքն ու նպատակը հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալն էր։
Այդպիսի հայրենիք էր ուզում ունենալ նաև մեր 19 ամյա Գրիգորը։
Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն է, այս երկտողը.
«Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ»
Թո՛ղ, որ մեր այս ինքնաթիռը ճախրի Հայոց կապույտ ու ջինջ երկնքում` մեր զինվորների անմահացած հոգիների պես` պարտավորացնելով մեզ ապրել և արարել իրենց երազանքներին համահունչ»,-ասված է հաղորդագրության մեջ: