Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել:
Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ լուրն իրենց են փոխանցել Կիևի հայ համայնքից։
«Կիևի հայ համայնքի ղեկավարից տեղեկատվություն ենք ստացել, որ Խերսոնի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ունենք Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ զոհ»,- նշեցին գրասենյակից՝ հավելելով, որ, ըստ Ուկրաինայի համայնքային կառույցների տեղեկությունների, վերջինս քաղաքացիական անձ է եղել։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողություն սկսել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Գոմելում։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը, բանակցություններում իրենց համար առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն է: