Առողջապահության նախարարությունը առաջարկում է օրենքով հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Համապատասխան նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։
Այս նախագծի ընդունումը պայմանավորված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությամբ, որի համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը անցնում է օգտագործողի օրգանիզմ: