«Red Wings» ավիաընկերությունը, հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչները, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ, Եկատերինբուրգից և Չելյաբինսկից դեպի Երևան թռիչքներ է սկսում: Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Եկատերինբուրգից Երևան չվերթները նախատեսված են շաբաթական 2-3 չվերթ հաճախականությամբ, Չելյաբինսկից նախատեսված է շաբաթական 1-2 չվերթ: Չվերթները կիրականացվեն ռուսական ժամանակակից SSJ 100 օդանավերով, որոնք նախատեսված են 100 ուղևորի համար։ Ավելի վաղ «Red Wings»-ը «Кольцово» և «Баландино» օդանավակայաններից Հայաստան չէր թռչում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական խոշորագույն ավիաընկերությունները՝ «Աէրոֆլոտը», «S7 Airlines» – ը, «Պոբեդան», «Ռոսիան», «Ուրալյան ավիաուղիները», «Nordwind»,-ը, ստեղծված իրավիճակի կապակցությամբ դադարեցրել են միջազգային ավիաչվերթները՝ ներառյալ դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։