Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովի (WCIT 2019) երկրորդ օրը բավական հագեցած էր:
Հոկտեմբերի 8-ին WCIT 2019-ի շրջանակներում տեղի ունեցավ «Ազգային գործակալությունների մշակումն ու ներդրումը արդյունավետ թվային փոխակերպումների համար» նախարարական կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին ժամանակակից խնդիրների լուծման ուղիները բարձր տեխնոլոգիաների ներդրման և կրառման միջոցով:
Կլոր սեղանի մոդերատորն էր Միգել Կարասկոն:
Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հանդես գալով կլոր սեղանին, նշեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովը մասնակիցներին հիանալի հնարավորություն է տալիս քննարկելու կարևոր հարցեր ուղղակի շփման միջոցով, ինչպես նաև որդեգրելու արժեքավոր փորձը: Ըստ նախարարի` Հայաստանն արդեն հասել է «շոշափելի արդյունքների տեխնոլոգիական կրթության ոլորտում» և պատրաստ է փոխանցելու այդ փորձը:
Համաժողովի նշանակալի իրադարձություններից էր ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ, բիզնես-լեդի Քիմ Քարդաշյանի այցը, ով WCIT 2019 ՏՏ-վեհաժողովին ելույթ ունեցավ որպես հատուկ զեկուցող և անցկացրեց պանելային քննարկումներ:
«Ես այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար», — հայտնել է Քիմ Քարդաշյանը լրագրողներին:
«Գաղափարների շուկա» պանելային քննարկումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միլիոնավոր հետևորդներ ունեցող Քիմ Քարդաշյանը կիսվել է հաջողության իր գաղտնիքով և այն գաղափարներով, թե ինչպես տարբեր հարթակներ կարող են օգտագործվել բիզնեսի զարգացման համար: Հեռուստաաստղը նաև պատմել է, թե ինչպես են սոցցանցերը օգտագործում իրենց առևտրային նշանները սեփական բրենդների ընտրության և ստեղծման ժամանակ:
«Ես ունեմ ամենամյա պլաններ, և չնայած երբեմն ստիպված եմ լինում որոշումներ կայացնել վերջին րոպեին, ես հիմնականում կատարում եմ այս պլանը` թողարկելով 1-2 նոր արտադրանք ամսական», — հայտարարել է Քիմ Քարդաշյանը:
Հեռուստաաստղը կիսվել է Հայաստանում նոր նախագծերի իրականացման պլաններով, որոնցից է հայկական ծաղիկների բույրով օծանելիքի ստեղծումը:
«Ես պլանավորում եմ ստեղծել բույր, որը կունենա հայկական ծաղիկների հոտը», — հայտարարել է Քարդաշյանը:
Իր ելույթում հեռուստաաստղը շնորհակալություն է հայտնել հարթակի ստեղծողներին և նշել, որ ուրախ է Հայաստան գալու, իր երեխաներին կնքելու, ինչպես նաև հարթակին մասնակցելու համար:
«Ես հպարտ եմ այստեղ լինելու համար: Ես ուրախ եմ, որ Քորթնին այստեղ է: Ես ուրախ եմ, որ մենք կնքեցինք մեր երեխաներին: Այս վեհաժողովը լավ առիթ էր գալու այստեղ: Ես այնքան հուզված եմ», — ընդգծել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ WCIT–2019 վեհաժողովը Երևանում անցկացվում է 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը Հայաստանի Կառավարության ակտիվ աջակցությամբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովը 1978թ-ից կազմակերպվում է 2 տարին մեկ անգամ տարբեր երկրներում, իսկ 2017թ-ից` ամեն տարի: WCIT-ը խոշորագույն միջազգային իրադարձություն է ՏՏ ոլորտում: Նման հարթակը միավորում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շուրջ 3000 համաշխարհային առաջնորդների, ինչպես նաև կառավարության և արդյունաբերության ոլորտի ղեկավարների ամբողջ աշխարհում: Համաժողովն անցկացվում է Հայաստանի Կառավարության բարձր հովանու ներքո «Ապակենտրոնացման ուժը. Հեռանկարներ և մարտահրավերներ» կարգախոսով: Հիմնական կազմակերպական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է:
Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...