Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մի խումբ քաղաքացիներ, հաջակցություն արցախցիների, բողոքի ակցիա են անցկացնում։
Հավաքվածների խոսքով՝ այն, ինչ այս պահին իրականացնում է Ադրբեջանն Արցախում, ահաբեկչություն է արցախցիների նկատմամբ։
Նրանք նշում են, որ արցախցինեը հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ գազ չլինելու պատճառով չեն աշխատում հացի արտադրամասերը, ուսումնական հաստատությունները։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 30 հազար երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի։
Նշենք, որ այս պահին գազատարի վերականգնման հարցով տեղի են բանակցություններ, սակայն, դեռ որևէ որոշում չկա, իսկ արցախցիները շարունակում են առանց կապույտ վառելիք ապրել։
Ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:
Տասը օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվել էր գազատամատակարարումը, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը մնացել է առանց գազի։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Այս պահին դեռ գազամատակարարումը չի վերականգնվել։