Արցախում գազ չլինելու պատճառով լուրջ խնդիր է առաջացել։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից մեկը։
Նա մտահոգվեց, որ արդեն օրեր շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալուց, քանի որ դպրոցներում ջեռուցում չկա և դասապրոցեսները դադարեցվել են։
Ըստ նրա՝ այն ամենը, ինչ կատարվում է Արցախում․ Ադրբեջանի հայատյածության գործնական դրսևորումն է։
«ՄԱԿ-ը բազմաթիվ լծակներ ունի և դրանք կարող է օգտագործել։ Դիմում ենք ՄԱԿ-ին, որ այդ լծակներն օգտագործի, բայց այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացնում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական հսկողության տակ անցած Շուշիի միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ կազմակերպության նույն պաշտոնյաները լռության են մատնում գազի խնդիրը»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցը։
Տեղեկացնենք, որ Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մի խումբ քաղաքացիներ, հաջակցություն արցախցիների, բողոքի ակցիա են անցկացրել։
Նշենք, որ այս պահին գազատարի վերականգնման հարցով տեղի են բանակցություններ, սակայն, դեռ որևէ որոշում չկա, իսկ արցախցիները շարունակում են առանց կապույտ վառելիք ապրել։
Ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:
Տասն օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվեց գազատամատակարարումը, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը մնաց առանց գազի։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Այս պահին դեռ գազամատակարարումը չի վերականգնվել։