Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Արձանագրվեց, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները: Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»,- ասված է Մայր Աթոռի տարածածա հայտարարության մեջ։
Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքը նախաձեռնությամբ են հանդես եկել։ Նա հայտնել է, որ հայտարարվում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։
Օրեր առաջ խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի էջում տեղադրված տեսահաղորդագրության մեջ նշվում է, որ Հիսուս Քրիստոսի արձանի ընտրության մրցութային աշխատանքները նոր փուլ են թևակոխում։
Գործարարի հետ հանդիպմանը մասնակցել է 21 քանդակագործ, այդ թվում՝ արտերկրից։ Աշխատանքային խումբը շարունակում է իր մշտական աշխատանքը երկրորդ փուլ անցած Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Իտալիայի, Լիբանանի, Լատվիայի քանդակագործների հետ։
Հիշեցնենք, որ արձանի բարձրությունը, ինչպես պատկերացրել է ձեռնարկատերը, պետք է լինի առնվազն 33 մետր։ Նշենք, որ Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը տեղադրված է Լեհաստանի Սվիեբոձին քաղաքի հարավարևելյան ծայրամասում։ Հուշարձանի բարձրությունը մոտ 52 մ է։