Ռուսաստանի Դաշնության կառավարությունը այսօր կայանալիք նիստում կքննարկի Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ՌԴ-ում ճանաչելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին հայտնում Է TACC-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը կկիրառվի տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս:
Նշենք, որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի ճանաչման հարցը բազմիցս բարձրացվել է իշխանությունների կողմից։ Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՌԴ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը։ Ընթացիկ խմբագրությունն արգելում է օտարերկրյա պետությունների քաղաքացիներին իրականացնել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ՝ հիմնված ազգային վարորդական իրավունքի վրա։ Նշվածի համար անհրաժեշտ է ռուսական վարորդական վկայական ստանալ: Արգելքը չի տարածվում Ղրղզստանի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների վրա։
ՌԴ ՆԳՆ-ի առաջարկած նոր փոփոխություններով վերոնշյալ դրույթը չի տարածվի նաև Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այլ կերպ ասած՝ հայկական վարորդական վկայականով վարձու աշխատանքի իրավունք կստանան նաև Հայաստանի քաղաքացիները։