Պղծվել է հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը։ Այս մասին տեղեկանում ենք Արա Շահումյանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում վանդալիզմի էր ենթարկվել Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիտը։
Հուշաքարը գտնվում է Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Քանդակագործը Տիգրան Արզումանյանն է։
Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը` որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լեոնիդ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ հակառակորդի դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ: