Այսօր «Ավագ շաբաթ» է: Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից:
Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Սուրբ Հարության հաղթանակին:
Այս շաբաթվա ընթացքում տեղի են ունենում մեր փրկության համար ամենակարևոր իրադարձությունները: Ավագ շաբաթը բացահայտում է, որ իրականում պետք է ապրել բոլոր այն պատվիրաններով և պատգամներով, որ Քրիստոս փոխանցեց մեզ: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը:
Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն, իսկ երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր ասել:
Տեղեկացնենք նաև, որ Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց: Ժամը 15:00-ից սկսած Հայ առաքելական եկեղիներում կատարվում է Սուրբ Զատկական Ճրագակույցի պատարագ:
Ճրագալույցի պատարագը արդեն իսկ մեզ ամբողջությամբ մուտք գործել է տալիս Հարության խորհրդի մեջ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:
Խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Սուրբ պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Այս տարի Սուրբ Հարության կամ Զատկի տոնը նշվում է ապրիլի 17-ին:
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։
Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։