Այսօր՝ ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Այն կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:
Հայերն ունեն ծիսական ուտեստների մեծ շարան և պահքի ժամանակաշրջանում կենդանական սնունդ չեն օգտագործում, սակայն Հայաստանի բնությունը թույլ է տալիս կենդանական ծագման ուտեստներից անցնել բուսական ծագման ուտեստների: Զատկի տոնին սեղաններին դրվում են ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և, իհարկե, չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին։ Զատկի փլավը պատրաստում են բրնձով, չամիչով և չրեղենով: