Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժնից:
Նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվեցին Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.
•Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան)՝ խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համարկրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:
•Մահինուրէլ-Մասրի (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատություններիեւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։
•Հադի Ջուման (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները:Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:
2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում: