Որդիս զոհվելուց մեկ օր առաջ զանգեց ու ասաց՝ տոտալ դավաճանություն է տեղի ունենում, մեզ ասում են՝ մի՛ կռվեք, հողերն արդեն հանձնված են։ Այս մասին այսօր Ազնավուրի հրապարակում իր ելույթում նշեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Դատախազությունից պահանջելու եմ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչել։ Նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, իսկ մենք պետք է ճանաչվենք տուժող կողմ ու մասնակցենք այդ դատավարությանը»,- ասաց Կարին Տոնոյանը՝ նշելով, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել։
Նա նշեց, որ որդուն նամակ է գրել․ «Գրել եմ իրեն ու ասել՝ մինչև կյանքիս վերջին օրը կռիվ եմ տալու, որ պատժվեն նաև բոլոր նրանք, ովքեր ոչինչ չեն արել այս պատերազմը կանխելու համար»։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Մանրամասները՝ տեսանյութում։