Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։
Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 17։45-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերվել էր երեխան, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: