Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթից մահացած 28-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր, որն աշխատում էր «Support Our Heroes- Armenia» կազմակերպությունում:
«Խոր ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին,- տեղեկացնում է կազմակերպությունը,- «Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:
Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է