Դերասան Սոս Ջանիբեկյանը նոր գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կրկին իրեն հայհոյել են, վիրավորել:
«Ճիշտն ասած բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին ինչ կատարվում է ինձ հետ, որ չքաղաքականացվի, որտովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից: Խնդրում եմ դիտարկել, որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:
Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000-ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա, հասկանում եմ, որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018ի հեղափոխության օրերին, երևի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր:
Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:
Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների՝ «Զարթնիր Լաո» երգը լսելով, մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս, պատուհանը իջեցրեցին գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով՝ արագ սլանալով գնացին:
Մտածում էի երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր…կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց ասեց. «Սոս ջան հիմա թուրքը Դու էիր, իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:
Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք: Մարդ կա որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:
Դրանից Մի չարացեք, մի վախացրեք, նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի տվեք, դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:
…ու մի հարց, ո՞նց ա էլի լինում որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ. «Սոս ջան արի մեզ միացի, մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:
Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:
Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն Ձեր հոգուն»,-գրել է նա:
հիշեցնենք, որ ավելի վաղ մեկ այլ դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո: