Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի նախօրեին Սոչիում հանդիսավոր կերպով բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանների ասպետ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացումը տեղի է ունեցել Սոչիում Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախաձեռնությամբ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը, Սոչիի Լազարյան շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Բուրլևը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական բաժանմունքի ղեկավար Իլարիոն Վարվաշտյանը, «Պահեստազորի սպաների միություն» հասարակական բարեգործական կազմակերպության երկրամասային նախագահ Հակոբ Կոչկոնյանը: ⠀
Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Խորհրդային Միության մարշալների թոռները՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Վասիլի Չույկովի թոռը և Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի թոռները՝ Հովհաննես Բաղրամյանը և Կարինա Նաջարովը:
Իր խոսքում մարշալ Բաղրամյանի թոռները կարևորեցին հայ և ռուս ժողովուրդների պատմական հիշողության պահպանումը, քանի որ Մարշալը դարձավ հաղթանակի, ռազմական փառքի և ազգամիջյան միասնության խորհրդանիշ: ⠀