«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Փակվել են մի շարք փողոցներ։ Ինչպես տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի Facebook-յան էջից, երիտասարդները փակել են Աբովյան փողոցը, Մաշտոցի պողոտան՝ Փակ շուկայի հատվածում։ Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչները միացել են անհնազանդության ակցիաներին։ ՀԱԹ-ում այս պահին փակ է Զորավար Անդրանիկի փողոցը։ Փակ է Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցը, Բաղրամյան փողոցը, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցները։
Փակ է նաև Հանրապետության փողոցը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Երևանը կանգնած է։ Նրա խոսքով՝ ավելի քան 50 փողոց փակ է և այդ թիվն անընդհատ մեծանում է։
Նշենք նաև, որ առավոտից կան նաև բերման ենթարկվածներ։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիներ: ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը ևս բերման է ենթարկվել, հայտարարել է, որ ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա։ Նշենք, որ բերման են ենթարկվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը։
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ առավոտից փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի երթևեկությունը։ Նա կոչ է արել սովորողներին դասերի չհաճախել, աշխատողներին չգնալ աշխատանքի՝ տեղեկացնելով գործատուին, և միանալ ընդդիմության պայքարին։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Կից ներկայացնում ենք խցանումները պատկերող քարտեզը։