Ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չէ: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Փոխոստիկaնապետի խոսքով՝ ոստիկանության մինչ օրս իրականացված բոլոր գործողությունները օրենքի շրջանակում էին։
Շուրջ 20 օր է, ինչ բողոքի գործողություններ են, բայց փոխոստիկանապետի պնդմամբ, ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, երբ հատուկ միջոցները եղել են ընդամենը վահանները:
«Խոսքս վերաբերում է այն ձևակերպումներին, երբ որոշ անձինք պարբերաբար հիշատակում կամ փորձում են ներկայացնել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում»,- հստակեցրեց Ֆիդանյանը:
Նշենք, որ այսօր ևս բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանության փոխանցմամբ՝ 09։30-ի դրությամբ բողոքի ակցիաների 73 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։