Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի և հույների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը։ Այս մասին հայտնում են Հայաստանում հունական համայնքների միության Facebook-յան էջում։
«Պոնտացի հույների ցեղասպանության զոհերին հիշատակող Հայաստանում առաջին հուշարձանը (հեղ. Արմեն Ղումաշյան, Կորյուն Սանահնեցի Հակոբյան) նախաձեռնվել և տեղադրվել է ազգությամբ հույն բժիշկ Սիմոն Զախարովի կողմից և իրենից ներկայացնում է երկկողմանի հուշարձան՝ հայկական և հունական տիպական խաչերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հուշարձանի օծումն իրականացրել է Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը և պատմության մասնագետ Էդուարդ Շահվերդյանը։
«Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը և հունական համայնքի անդամներ։
Միջոցառման ժամանակ պոնտական երգերով ելույթ ունեցավ նաև Ալավերդու հունական երգչախումբը՝ Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։