ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր բուժքույրը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ուխտագնացները կծանոթանան Պատրիարքության հարուստ պատմությանը, հոգևոր ժառանգությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:
«Հայրենիքին անսահման նվիրումով ծառայած մեր զինվորները մեր երկրի հիմնասյուներն են, նրանք են ամուր պահելու մեր պետականության հիմքերը: ՀՀ իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնման անխափան ընթացքն ապահովելու համար»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Պատրիարքության և հանձնաժողովի միջև համագործակցությունը կնպաստի պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ ստացած զինվորների ոգու ամրապնդմանը, նրանց կազդուրմանն ու վաղվա օրվա նկատմամբ վստահության վերականգնմանը: Այն նաև պարարտ հող կնախապատրաստի մեր ժողովրդի հոգևոր նպատակների իրականացման ճանապարհին՝ Հայ եկեղեցու երեք հիմնասյուների՝ Մայր Աթոռի, Երուսաղեմի և Պոլսի Հայոց պատրիարքությունների միավորման համար:
Մայիսի 23-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Արփինե Դավոյանն ու Լուսինե Բադալյանը խորհրդարանում հանդիպել են առաջին ուխտագնացների հետ:
Նարեկ Զեյնալյանը, կարևորելով ուխտագնացության գաղափարը, Երուսաղեմում հոգևոր արժեքներին հաղորդակցվելը, տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Զինվորների կարծիքով՝ իրենք Երուսաղեմից կվերադառնան հավատքով ամրացած, ապրելու նոր ծրագրերով և գաղափարներով լեցուն: