Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման ժամկետները հայտնի կդառնան բոլոր նախագծային աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կայանի նախագծի համար 554 մլն դրամ հատկացնելու ավագանու որոշումն առաջին քայլն է։
Փոխքաղաքապետը նաև հավելեց, որ նախօրեին հանդիպում է ունեցել ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ մետրոյի կայանի կառուցումն այնքան թանկ արժենա, որ դրա շինարարությունը չմեկնարկի, փոխքաղաքապետը պատասխանեց․
«Մետրոպոլիտեն կառուցելու մասով որոշում կա, նախնական մոտավոր գնահատական կա, թե այդ ամենն ինչքան է արժենալու, ապագայում պարզ ու թափանցիկ կհայտնենք, թե ինչ գումար ենք մենք ծախսելու»։
Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն իր հերթին հայտնեց, որ Աջափնյակ մետրոյի կայարանի նախագծահաշվային փաստաթղթերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 848 մլն դրամ (մոտ 3,7 մլն դոլար): Նրա խոսքով, կայանի կառուցումը, տարբեր հաշվարկներով, կարժենա 30-100 մլն դոլար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոյի նոր կայարանը նախագծելու է մրցույթում հաղթել է ռուսական Metrogiprotrans ընկերությունը։ Նախատեսվում է կամուրջ կառուցել Հրազդան գետի վրայով նախատեսված մետրոյի գծի համար։ Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանը այս վարչական շրջանը կկապի Բարեկամություն կայարանի հետ՝ զգալիորեն բեռնաթափելով քաղաքի երթևեկությունը։ Մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն այս պահին ունի 10 կայան՝ ավելի քան 12 կմ ընդհանուր երկարությամբ։ Մետրոյի ավտոկայանատեղը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։