5165 շարժման ղեկավար, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, մանրամասներ է հայտնել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից։
Նրա խոսքով՝ եղել են ենթատեքստեր առ այն, որ իրենց պահանջները հաշվի են առնվելու։ Կարին Տոնոյանը շեշտեց՝ եթե իրենց պահանջների մասով դրական արձագանքներ չլինեն, ապա նորից հավաքվելու են ԲԴԽ շենքի մոտ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։ Զոհերի հարազատներն այս հայտարարության մեջ հանցագործության տարրեր են տեսել և համապատասխան հաղորդագրություն են ներկայացրել գլխավոր դատախազություն։
Ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։ Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։
Մանրամասները՝ տեսանյութում։