Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Միևնույն ժամանակ գերատեսչությունից նշում են, որ հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մայիսի 13-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ վարակի 92 դեպք։
Եվս 28 մարդ հնարավոր վարակվածների թվում է։ Առայժմ մահվան դեպքեր չեն գրանցվել։
Դեպքեր են գրանցվել 12 երկրներում։ Ամենաշատ վարակակիրների թվով եռյակում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան։ Վարակվածներ են հայտնաբերվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):