ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:
Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,- գրել է Դանիելյանը:
Իսկ 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրանք չեն ենթարկվել ոստիկանությաան օրինական պահանջին ու վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար տարվել են բաժին։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ։
«Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ։